Իլյուզիա բառն առաջացել է լատիներեն Illusio բառից, որը նշանակում է «մոլորություն», «խաբեություն»։
Իլյուզիան իրական առարկայի կամ երևույթի աղավաղված ընկալումն է, որը երկիմաստ մեկնաբանությունների հնարավորություն է տալիս։ Կարծրատիպ կա, թե խաբկանքները հոգեկան անհավասարակշռության հետևանք են։ Իրականում նման բան չկա։ Խաբկանքներ կարող են ի հայտ գալ հոգեպես առողջ մարդկանց մոտ։ Իլյուզիաները լինում են ֆիզիկական, օպտիկական, ձայնային, լսողական, վերբալ, համ-հոտային։ Իլյուզիաները «խաղում» են մեր ուղեղի կառուցվածքի և ընկալման առանձնահատկությունների, մեր հոգեբանության հետ։
15,000 տարի առաջ ժամանակակից Ֆրանսիայի մի անկյունում պալեոլիթյան շրջանի մարդը ժայռի վրա փորագրել է մամոնտի կամ բիզոնի։ Ճշմարտությունն այն է, որ «ստեղծագործությունն» իրենից ներկայացնում է ցանկանացած կենդանի՝ կախված այն բանից, թե ինչպես է դա մեկնաբանվում։ Դրա բացահայտողը՝ Դունկան Կոլդուելլը, ենթադրել է, որ դա տեսողական իլյուզիայի ամենահին դեպքերից է։ Իլյուզիաներն այսօր իրենց հետաքրքրաշարժ բնույթից բացի նաև արժեքավոր ԳՈՐԾԻՔՆԵՐ են, որոնք օգնում են բացահայտել ընկալման ու ճանաչողության գաղտնիքները։
Օպտիկական խաբկանքները տատանվում են ամենապարզ ու դասական իլյուզիաներից մինչև բարդ երկրաչափական կառուցվածքներ։ Պարզ իլյուզիաների օրինակ են Մյուլլեր-Լեյերի, Պոնցոյի գծերը, որոնք իրականում հավասար են, սակայն մենք ընկալում ենք տարբեր չափերով։ Բարդ իլյուզիաների օրինակ կարող է լինել ճապոնացի մաթեմատիկոս և նկարիչ Կոկիտի Սուգիհարայի խաբականքը՝ երկրաչափական կոնկրետ տեսքի առարկաները հայելու մեջ միանգամայն այլ տեսքով են անդրադարձվում։ Հոգեբան Ռիչարդ Գրեոգրին տեսողական խաբկանքները դասակարգում է ֆիզիկականի, ֆիզիոլոգիականի և ճանաչողականի, որոնք իրենց հերթին ունեն ենթատեսակներ՝ մտացածին, երկիմաստ, պարադոքս և խեղաթյուրում։
Այդ տարատեսակ էֆեկտները ներառում են տարբեր մեխանիզմներ ու նեյրոնային մշակման տարբեր մակարդակներ։ Ամենաապշեցուցիչ իլյուզիաներից որոշները հիմնված են միաժամանակյա կոնտրաստի միևնույն էֆեկտի վրա․ մեզ համար դժվար է հավատալ, որ երկու քառակուսիներն ունեն մոխրագույնի նույն երանգը, երբ դրանք տեսնում ենք կոնտրաստային ֆոնի վրա, ինչպես, օրինակ, Ադելսոնի շախմատային ստվերի խաբկանքը։ Այս էֆեկտն առաջին անգամ բացահայտվել է 19-րդ դարում, և այդ ժամանակից ի վեր գիտնականները փորձել են պարզել՝ աֆեկտի գաղտնիքը մեր տեսողությա՞ն, թե՞ իրականության մեկնաբանության մեջ է։ Այսինքն՝ այն ֆիզիոլոգիակա՞ն է, թե՞ հոգեբանական։
Իլյուզիաներից շատերը բարդ մարդկային ուղեղ չեն պահանջում։ Պարզվել է, որ տեսողական որոշ իլյուզիաների նկատմամբ զգայունություն ունեն նաև կապիկները, ինչպես նաև ձկները, գորտերն ու թռչունները։ Բայց շատ ավելի զարմանալի է, որ դա կա նաև միջատների մոտ, որոնց աչքն ու ուղեղը չափազանց տարբեր են մարդկայինից։ 2017-ին տեսողության մասնագետ Ադրիան Դայերի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մեղուները ենթարկվում են Էբբինհաուզի խաբկանքին, ըստ որի երկու միևնույն ֆիգուներն ընկալվում են տարբեր չափսերով՝ կախված շրջապատող առարկաներից։
Բոլորովին վերջերս Եյլի համալսարանում նեյրոֆիզիկ Դեյմոն Կլարկի գլխավորած հետազոտությունը ցույց է տվել, ճանճերը ևս ընկալում են շարժման խաբկանքները, որոնցում թվում է, թե անշարժ երկրաչափական երիզը շարժվում է։ Հետազոտողները այս էֆեկտը հայտնաբերել են ճանճերի երկու կոնկրետ նեյրոններում, և նրանց փորձը ցույց է տալիս, որ միջատի ու մեր ուղեղը «կարող են օգտագործել միանման մեխանիզմներ»։
Իրականությունն այն է, որ դեռ շատ բան բացահայտված չէ մեր իլյուզիոն ընկալումների վերաբերյալ։ Հետաքրքիր է, որ երեխաներն ավելի հազվադեպ են խաբվում։ ՄիլանոժԲիկոկկայի համալսարանից հոգեբան Էլենա Նավան պատմել է հետազոտության մասին, ըստ որի Էբբինհաուզի իլյուզիան երեխաների համար պակաս խաբուսիկ է։
Շատերը չեն էլ պատկերացնում, թե որքան անսահման է իրենց երևակայությունը, որքան տարբեր ու յուրահատուկ են միևնույն երևույթի՝ մեր ընկալումները։ Իլյուզիաների թանգարանը կրթաժամանցային վայր է, որտեղ հնարավոր է ինչպես լիաթոք զվարճանալը, այնպես էլ գիտելիքների պաշարը հարստացնելը։ Այստեղ ապրած փորձառությունը յուրաքանչյուր այցելուի դրդելու է այլ դիտանկյունից նայել իրերին ու շրջապատող առարկաներին։
Թանգարանում անցկացրած ժամանակահատվածում դուք կապրեք բոլորովին ուրիշ կյանք, և յուրաքանչյուրի մոտ այն լինելու է տարբեր՝ կախված անհատական ընկալման առանձնահատկություններից։
Բազմատեսակ իլյուզիաներով մեր թանգարանի դռները բաց են ձեր առաջ։ Տոմսերը կարող եք ամրագրել նաև առցանց: (ԳՆԵԼ ՏՈՄՍ)
1 Comments
Comments are closed.